27/10/2023 12:18
Ֆրանսիայի պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել «Zako» անիմացիոն նախագծի շնորհանդեսին
Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։
Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի հեղինակային ցուցանմուշներին, փարաջանովյան արվեստի ինքնատիպ միջավայրին:
Փարաջանովի թանգարանում հյուրերի համար «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Zako» լիամետրաժ անիմացիոն կինոնախագծի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցությամբ։ Այն նվիրված է նկարիչ Սարգիս Մանգասարյանին. կյանքի պատմությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարների շնորհիվ։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, որը մեր երկրում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով։