27/10/2023 20:10
Հարավային Կորեայում կանխատեսել են՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իշխանությունը փոխանցելու է դստերը
Կորեայի Հանրապետության միավորման նախարար Կիմ Յոնգ Հոն կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քաղաքական իշխանությունը փոխանցելու է իր դստերը՝ Կիմ Ջու Աեին, հայտնում է Yonhap գործակալությունը։
«Չենք բացառում, որ դա հնարավոր է»,- ասել է կորեացի պաշտոնյան։ Միաժամանակ նա ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Հյուսիսային Կորեայում չկա գերագույն իշխանության իրավահաջորդությունն ապահովող ամրագրված կարգ։
Yonhap գործակալությունը մանրամասնել է նաև, որ Կիմ Չեն Ընի դուստրը՝ Կիմ Ջու Աեն, 10 տարեկան է։ Առաջին անգամ նա հանրությանը ներկայացվել է 2022-ի նոյեմբերին, երբ հոր հետ մասնակցել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը, ինչից հետո 10-ամյա աղջիկը Կիմ Չեն Ընի ուղեկցությամբ մասնակցել է նաև այլ միջոցառումների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի հիմնադրման 75-ամյակին նվիրված շքերթին։ Դրանից հետո էլ սկսվել են լուրեր տարածվել, որ նրան պատրաստում են որպես իշխանության ժառանգորդի։ Կիմ Չեն Ընը, ըստ բազմաթիվ գնահատականների, ապագայում երկրի իշխանությունը հենց դստերն է փոխանցելու։