27/10/2023 15:42
Նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնում եմ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու համար ժամանակային բարդություններ կան։
«Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու թե ովքեր են հիմնական պատճառները եղել, ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա ասել, իմ պաշտոնի բերումով՝ դա կհնչի որպես մեղադրանք, բայց թե՛ մարտի 1-ի պարագայում, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին, կարծում եմ, գիտենք, մնում է՝ այդ փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը չի բացառում, որ այդ ոճրագործությունում նաև արտաքին ուժերն են շահագրգռված եղել։
Լրագրողի հարցին՝ կա՞ քաղաքական կամք՝ բացահայտելու կազմակերպիչներին՝ նա արձագանքեց. «Ինչու դրա մեջ կասկած կա՞»։
«Պոպուլիզմ կլինի, եթե ինչ-որ մեկին անհիմն մեղադրեն, հետո գնա, դատարանով ազատվի, ու դուք ինձ ասեք՝ «ստացվեց, որ մարդուն անիմաստ տեղը դատապարտեցին», բայց նորից եմ ասում՝ թե՛ մարտի 1-ի պարագայում, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում մենք գիտենք՝ ովքեր են կազմակերպիչները», - նշեց Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 27-ից շատ դասեր կան քաղելու։
«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում որևէ մեկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, որ կան շահեր։ Մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել շատ կտրուկ հետևանքների, ու պետությունը կարող է գլխատվել, կարող ենք անգամ պետականություն կորցնել», - նշեց Սիմոնյանը։
Նա միևնույն ժամանակ ասաց, թե Հայաստանը դասեր քաղել է այս ամենից։
«Նոյեմբերի 9-ից հետո այն ամենը, ինչ տեղի ունեցավ ու հետագա զարգացումները, որ տեղի ունեցան, նաև այդ դասերի շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք՝ կտրուկ պահերին համախմբվում ենք», - ասաց ԱԺ նախագահը։
Հարցին՝ ինքը նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնո՞ւմ է՝ Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ, ես չեմ բացառում»։