27/10/2023 15:58
Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելու հարցը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետն է. Քաղաքագետ
Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելու հարցը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետն է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
«Նա է որոշում ռուսական բազան մնո՞ւմ է, թե՞ գնում է այստեղից», - ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում մնալու լծակ չունի։
«Նրա միակ լծակը Արցախն էր, որն իր քաղաքականության հետևանքով ամբողջովին դատարկվել է, և մնացել է 10 դիտորդական կետ Ղարաբաղում, որը չգիտես՝ ինչ է անում։ Խաղաղապահները լավագույն դեպքում այնտեղ կարող են մի տարի էլ մնալ։ Հիմա ՀՀ-ում ընդամենն ունեն ռազմաբազա, մի քանի տնտեսական ձեռնարկություն՝ «Գազպրոմ», էներգետիկա, և այլն»,-ասաց նա։
Ըստ Բադալյանի՝ Հայաստանում այլևս չկա ռուսամետ հասարակություն, և դա է կարևոր խնդիրը։ «Արցախից հետո ՀՀ-ում ՌԴ-ի վարկանիշն այնքան է ընկել, որ ռուսամետ ուժ չկա, իսկ եթե չկա, շատ հանգիստ այստեղից կարող են իրեն հանել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի», - ասաց նա։
Բադալյանը նշեց, որ այժմ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու նախաքայլերն են արվում՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «The Wall Street Journal»-ին, որ ՀՀ-ում գտնվող ռուսական բազայի անարդյունավետ է և ՀՀ-ում գտնվելու հարցը քննարկման առարկա է։ «Իսկ դա, եթե թարգմանում ենք խոսակցական լեզվով, նշանակում է՝ բազան հանելու հարց է առաջացել», - ասաց նա։