27/10/2023 15:25
Խաղաղության քաղաքականությունը տապալելուց հետո, «Խաղաղության խաչմերուկ» նախագծով են փորձում նոր PR արշավ տանել. Քաղաքագետ
Խաղաղության քաղաքականությունը տապալելուց հետո, այս իշխանությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծով են փորձում նոր PR արշավ տանել. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
«Հաշվի առնելով, որ այս իշխանությունների խաղաղության քաղաքականությունն ամբողջովին տապալվել է, քանի որ Ադրբեջանը չգնաց Գրանադա և չստորագրեց խաղաղության պայմանագիր և նաև պարզ դարձավ, որ Բրյուսել չի գնում, և քանի որ չեն ցանկանում ցույց տալ, որ տապալվել են, հիմա էլ մի փիառ-արշավ են սկսել, իբր, ՀՀ-ն խաղաղության խաչմերուկ է՝ քարտեզում 4 կողմից սլաքներ տանելով», - ասաց նա։
Քաղաքագետն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ խաղաղությունը չեն ստանում՝ նվաճում են։ «Իսկ ՀՀ-ն թույլ երկիր է, իսկ թույլ երկրի առաջարկած խաղաղությունը Ադրբեջանը չի ընդունում», - ասաց նա։
Դիտարկմանը, թե, ըստ նրա, այլևս Թուրքիային և Ադրբեջանին Սյունիքով անցնող ճանապարհը պե՞տք չէ՝ քաղաքագետը պատասխանեց. «Պետք է, եթե դա իրենց հսկողության տակ է։ Քանի որ Իրանը թույլ չի տալիս, որպեսզի «Զանգեզուրի միջանցքն» անցնի թուրք-ադրբեջանական և Արևմուտքի հսկողության տակ, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է վերանորոգված ճանապարհով, որը անցնում է Իրանի տարածքով»։
Իսկ թե Արևմուքտին որքանո՞վ է ձեռնտու Իրանով անցնող ճանապարհը՝ Բադալյանն արձագանքեց. «Երբ Հայաստանն ամբողջովին կհանի իր տարածքից ռուսական բազան և կանցնի Արևմուտքի վերահսկողության տակ, այդ դեպքում ճանապարհները կբացվեն հավանաբար։ Իսկ երբ բոլոր կոմունիկացիաները կբացվեն, Հայաստանն ինքը ամբողջովին կդառնա միջանցք և այստեղ կարևոր չի լինի «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ որը», - ասաց նա։
Արևմուտքն, ըստ մասնագետի, ընդհանրապես դեռևս ճնշումներ չի գործադրել ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Թուրքիայի նկատմամբ․ «Արևմուտքն իր գիծն է առաջ տանում․ առաջինը՝ Արցախն Ադրբեջանի կազմում առանց հայերի, և երկրորդը՝ ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմական բազան և Հայաստանի՝ ՌԴ-ի հետ բոլոր ռազմաքաղաքական կապերի խզում, ինչը ՀՀ-ն էլ իրականացնում են՝ լինելով Արևմուտքի խամաճիկային իշխանություն»։