27/10/2023 22:47
Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը`
1) լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն).
2) լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում.
3) մաքրում է իր վրայից գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտանգումներ, առևանգումներ, հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն.
4) ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն).
5) փորձում է կոտրել հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ:
Նրանց բոլորի ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունքից`
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: