28/10/2023 16:42
Մեկ վայրկյան չեմ սպասի, ոտաբոբիկ, առանց հետ նայելու կվազեմ Արցախ. Նախշուն Ավագյան
Արցախից չորս երեխաների հետ դուրս գալիս դժվար էր կողմնորոշվել՝ ինչ վերցնել, ինչ թողնել, ամենադժվարը տան դուռը կողպելն էր՝ չիմանալով՝ ում ենք թողնում մեր տունը, մեր հիշողությունները, ապրած կյանքը,- Aysor.am-ի հետ զրույցում պատմում է Նախշուն Ավագյանը։
«Չնայած հուզական ծանր ապրումներին՝ հաստատ որոշել էի, որ կարի մեքենան հետս պիտի վերցնեմ, որ շարունակեմ աշխատել»։
Թեև դեռ տան խնդիր ունեն, բայց Նախշունն արդեն վերսկսել է աշխատանքը. աքսեսուարներ, գործվածքներ, էկո պայուսակներ. ստեղծած աշխատանքի նախշերի թեմատիկան միշտ արցախյան է եղել, հիմա ասում է՝ առավել ևս։
«Առաջիկայում պատրաստվում եմ կարի դասընթացի մասնակցել, որ կարողանամ ընդլայնել տեսականին ու նաև բարելավել հմտություններս։ Որքան էլ դժվար լինի, պետք է հանուն երեխաների փորձել ոտքի կանգնել, երեխաների համար հուսալի ապագա պիտի երաշխավորենք»։
Հոկտեմբերի 29-ին Նախշունը մասնակցելու է «Ստեղծագործող կանայք հանուն տաղանդավոր երեխաների» բարեգործական տոնավաճառին։ Ասում է՝ թեև այս պահին մեծ տեսականիով չի կարող ներկայանալ, բայց հույս ունի, որ լավ վաճառք կլինի, որ ամբողջ հասույթը փոխանցի արցախցի երեխաներին։
«Հասկանում եմ, որ հիմա միայն աշխատանքը կօգնի հաղթահարել հոգեբանական ծանր ապրումները։ Մայր Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին, բայց մեկ է՝ ամեն ինչ կիսատ է։ Ինքս ինձ հետ անդադար կռվում եմ՝ հարմարվե՞լ նոր կյանքին, թե՞ ապրել սպասումով, հույսով, որ մի օր նորից կվերադառնանք Արցախ։ Եթե երեխաների անվտանգության հարցը չլինի, մեկ վայրկյան չեմ սպասի, ոտաբոբիկ, առանց հետ նայելու կվազեմ Արցախ»։