28/10/2023 18:57
Մոլդովայում երկու կաբելային հեռուստաընկերությունների տուգանել են՝ ռուսական հեռուստաալիքներ հեռարձակելու համար
Մոլդովայի հեռարձակման խորհուրդը 290 հազար լեյով տուգանել է երկու կաբելային հեռուստաընկերությունների՝ ռուսական հեռուստաալիքներ վերահեռարձակելու համար, հայտնում է Մոլդովայի կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը։
Կաբելային հեռուստաընկերություններին պահանջ է ներկայացվել՝ 24 ժամվա ընթացքում դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը։ Նշվել է, թե դրանք «խաթարում են Մոլդովայի տեղեկատվական անվտանգությունը»։
Ավելի վաղ էլ Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել էր արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում՝ պատճառաբանելով, իբրև դրանք «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»։
Ռուսական ԶԼՄ-ների դեմ սկսված այս արշավին արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարությունը՝ ընդգծելով․ «Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է»։