28/10/2023 20:54
Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա ձեռնարկելու պլանը վաղուց էր մշակել․ Նախագահի ընտրությունների հետ դա կապ չունի․ Սամվել Շահրամանյան (Տեսանյութ)
Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է այն պնդումներին, ըստ որոնց Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում է սկսել՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն կազմակերպելու պատճառով։
«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ։
Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշշտապես ստանում էի տեղեկություն, և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ՝ մեր շփման գծի ողջ երկայնքով․ նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակությամբ անձնակազմ, այդ թվում՝ հատուկ նշանակության, գտնվում էին մեր բնակավայրերին շատ մոտ, և ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մոտ և Արցախում ընտրությունների հետ է կապված, ճիշտ չէ և կեղծ թեզ է»,- ասել է Սամվել Շահրամանյանը։