28/10/2023 20:34
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Կամիլ Թոման․ համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարելով անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Կամիլ Թոման նկատում է‚ որ Էլգարի այս ստեղծագործությունը թավջութակի համար գրված հիմնական գործերից է‚ որը խիստ հարազատ է իրեն։ Նա նշում է‚ որ փոքր տարիքից բազմաթիվ անգամներ ունկնդրել է Էլգարի կոնցերտը՝ հիանալով նրա գեղեցկությամբ ու պարգևած հույզերով։ Եվ այսօր ահա ինքն է այս գեղեցկագույն ստեղծագործությունը մեկնաբանում ունկնդրի համար։
Երաժշտության միջոցով կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու նպատակով Կամիլ Թոման 2020 թվականին ձայնագրել է իր «Ձայներ՝ հանուն հույսի» ալբոմը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Նա ընդգծում է‚ որ որպես ֆրանսիացի՝ իր համար շատ հուզիչ է լինել Հայաստանում։ Երկու երկրները մեծ բարեկամական հարաբերություններ ունեն։ Թավջութակահարուհու խոսքով՝ երաժշտությունը‚ որ հզոր ուժ ունի‚ կարող է բուժել հոգիները‚ մարդկանց հույս պարգևել‚ մղել միմյանց օգնելու։ Կամիլ Թոման ընդգծեց‚ որ հայ-ֆրանսիական բարեկամության վառ խորհրդանիշներից մեկը Շառլ Ազնավուրն է‚ ում «Ավե Մարիան» նույնպես հնչեցվեց համերգի ընթացքում որպես աղոթք։
Կամիլ Թոման Երևանում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համար։ Թավջութակահարուհին նշում է‚ որ իր համար շատ հաճելի է հանդիպել հայ պատանի երաժիշտների հետ՝ լսել նրանց‚ հաղորդել իր գիտելիքները‚ ոգեշնչել‚ փոխանցել սեր ու էներգիա։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նկատում է‚ որ թեև ինքը հայերեն չի հասկանում‚ սակայն երաժիշտների հետ կարողանում է հեշտությամբ հաղորդակցվել երաժշտության լեզվով։
Համերգի ընթացքում հնչեցին նաև Էդվարդ Էլգարի «Երազանքի երեխաներ» ստեղծագործությունը և «Էնիգմա» վարիացիաները։