29/10/2023 12:13
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվի, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների. Տիգրան Աբրահամյան
Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:
«Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի` քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու է «ջունգլիների օրենքները» և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվի, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:
Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:
Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան, առանց վարորդ, խորտակման է մղվելու»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: