30/10/2023 21:31
Փակ վնասվածքներ և արյունազեղումներ. երբ դիմել բժշկին
Բութ կամ կոշտ առարկաներից, հարվածներից և այլ կերպ առանց մաշկի ամբողջականության խախտման վնասվածքները հանդիսանում են վնասվածքների ամենահաճախ հանդիպող տեսակները:
Փակ վնասվածքները երբեմն ուղեկցվում են ուժեղ ցավերով կամ արյունազեղումներով և բերում այլ՝ ավելի լուրջ վնասվածքների, օրինակ՝ կոտրվածքների:
Փակ վնասվածքների առաջացրած գանգատները մեծապես կախված են վնասվածքի ուժգնությունից, բնույթից, ինչպես նաև վնասման ենթարկված շրջանից կամ վնասված օրգանից: Եթե թույլ վնասվածքները կարող են որևէ անհանգստացնող նշան չունենալ, ծանր կամ մեծ վնասվածքները կարող են առաջացնել ազդեցության ենթարկված շրջանի ուժեց ցավ, այտուցվածություն կամ արյունազեղումներ: Վերջինս առաջանում է ենթամաշկային փոքր արյունատար անոթների վնասման պատճառով, երբ արյունը կուտակվում է մաշկի տակ՝ նրան տալով մանուշակագույն կամ կարմիր երանգավորում (կապտուկ):
Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ ծանրության աստիճան ունի կամ ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է հասցնել փակ վնասվածքը:
Պետք է կապ հաստատեք բժշկի հետ, եթե՝
ցավերն ուժեղ կամ անդիմադրելի են,
չեք կարողանում շարժել վնասված մասը կամ շարժումներն ուղեկցվում են սաստիկ ցավերով,
վնասված տեղամասն արագորեն այտուցվում և արյունազեղվում է,
վնասված շրջանը կամ օրգանը նորմալ չի գործում:
Կարևոր է բժշկին այցելել նաև բոլոր այն դեպքերում, երբ դուք կամ ձեր երեխան ավելի հեշտությամբ եք արյունազեղում ունենում, քան այլ մարդիկ, երբ արյունազեղումներն ընդգրկում են մեծ մակերեսներ կամ վնասվածքն ուղեկցվում է նաև արյունահոսությամբ (օրինակ՝ հաճախակի քթային արյունահոսություններ):
Նման դեպքերում կարելի է դիմել հետևյալ 4 հաջորդական միջոցառումներին՝
հանգիստ տվեք վնասված շրջանին,
վնասված շրջանին 20 րոպեն մեկ դրեք սառցեպարկ և պահեք 20 րոպե,
վնասված շրջանին դրեք մի փոքր սեղմող, սական ոչ շատ ճնշող բինտային վիրակապ,
վնասված շրջանին բարձր դիրք տվեք:
Փակ վնասվածքները կարող են իրենց բնույթով կամ հանդիպման հաճախականությամբ լինել խիստ տարբեր: Օրինակ, երեխաները կարող են ավելի հաճախ վնասվածք ստանալ, քանի որ ֆիզիկապես ավելի ակտիվ են, իսկ մեծ տարիքով մարդկանց մոտ նույնիսկ փոքր վնասվածքը կարող է բերել անհամարժեք արյունազեղման, քանի որ նրանց արյունատար անոթների պատը փխրուն և թուլացած է:
Կարելի է որոշակիորեն կանխարգելել վնասվածքները՝ ձեր տան խելամիտ կահավորմամբ, վերացնելով հատակին առկա թափթփված լարերն ու այլ փոքր առարկաները, կրելով հարմարավետ հողաթափեր, տեղեկանալով ձեր ընդունած դեղերի թուլացնող կամ քնաբեր ազդեցությունների մասին, պարբերաբար ստուգելով ձեր տեսողությունը և լսողությունը:
Հազվադեպ, հեշտ արյունազեղումը կարող է հանդիսանալ մեկ այլ, սովորաբար ավելի ծանր հիվանդության նշաններից մեկը, օրինակ՝ արյան, արյունաստեղծ համակարգի հիվանդություններ կամ արյան մակարդելիության խանգարումներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն