30/10/2023 14:27
Նշվել է Փաշինյանի հետ Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը․ Արմեն Գրիգորյան ու Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել են
Հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Տեղեկությունը փոխանցում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Անդրեյ Էրմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։
Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում։