30/10/2023 13:53
Այն, ինչ կատարվում է այս դահլիճում, ոչնչով չէր տարբերվում Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից. Աշոտյան (Տեսանյութ)
Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրենակիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից, դատարանում միանալով դատավորին բացարկ հայտնելու իր փաստաբանների միջնորդությանը՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Երևի միայն աշխատանքային լեզուն էր տարբեր», - ասաց Աշոտյանը։
Դատավորն ընդհատեց Աշոտյանին՝ հորդորելով խոսել ըստ էության։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առարկեց դատավորի գործողությունը՝ հայտարարելով.
«Հենց ադրբեջանական բառն եք լսում, նեղվում եք։ Այն, որ կալանքը երկարացնում եք, չեք նեղվում, դրանից նեղվում եք», - ասաց Աթանեսյանը։
Աշոտյանը նիստը նախագահող Վահե Դոլմազյանին ասաց, թե չի կարող իրեն գրաքննության ենթարկել։
«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ «Ադրբեջանական» բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում, այո՛, ֆարս է, բայց մի հատ ձեր աչքի փուշն էլ տեսեք, գործո՛ղ վարչախումբ», - ասաց Աշոտյանը։