30/10/2023 16:54
Իսրայելն Ադրբեջանին օգնեց ավարտին հասցնել հայերի դեմ ցեղասպանությունը, դրանով իսկ արժեզրկելով «Այլևս երբեք» արտահայտության իմաստը. Newsweek
ԱՄՆ-ում հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է, ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակված «Իսրայելի «Այլևս երբեք» դիլեման» հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններին, որոնք, ըստ նրա, օգնեցին ավարտին հասցնել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է արժեզրկվում «Այլևս երբեք» արտահայտության իմաստը։
Պեչդիմալջին, անդրադառնալով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը, գրում է, որ ինչպես հրեաների, այնպես էլ աշխարհասփյուռ հայերի համար լիովին հասկանալի է, թե ինչ է նշանակում ապրել մշտական վախի մեջ և հարևանների սպառնալիքի ներքո, ովքեր փորձում են քարտեզից ջնջել իրենց: «Անցյալ ամիս Ադրբեջանն ավարտեց ավելի քան 120,000 էթնիկ հայերի էթնիկական զտման իր արշավը հայերի նախնիների հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում, որը հաջորդել էր ադրբեջանական ուժերի կողմից ամիսներ շարունակվող հարձակումներին և ինը ամիս տեւած ճանապարհային շրջափակմանը, որը միջազգային քրեական դատարանը «ցեղասպանություն» անվանեց», - գրել է հեղինակը։
Ստեֆան Պեչդիմալջին նշում է, որ շատ զուգահեռներ կան Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի և Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, բնակվող հայերի դեմ տեղի ունեցածի միջև։ «Երկու հանգամանքներում էլ հարձակումները վառ հիշեցումներ էին, որ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը շարունակում են սահմանել մարդկանց նույն խմբերը:
Բայց թեև այս անալոգիաները տեղին են թվում, միջազգային հանրությունը արագ արձագանքեց՝ օգնելով Իսրայելին և դատապարտելով ՀԱՄԱՍ-ին, որը սարսափելի հանցագործություններ է իրականացրել, բայց ոչ ցեղասպանություն՝ ըստ էության, անտեսելով իրական ցեղասպանության զոհ դարձած հայերին և աչք փակելով Ադրբեջանի վրա:
Ուշադրության և պատասխանատվության այս անհավասարությունը նաև հուշում է, որ այս տեսակի հանցագործություններին և անարդարություններին այլ կերպ են վերաբերվում»,-գրել է նա: