30/10/2023 17:26
Հենց այնպես չենք ասում՝ Մայր Հայաստան, ինչու՞ պիտի կոչվենք փախստական․ Հունան Թադևոսյան
ՀՀ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում կայացված որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածները կստանան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, սա նույն փախստականի կարգավիճակն է:
Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը, որը ավելի քան 100 հազար արցախցիների պես բռնի տեղահանության է ենթարկվել, Factor.am-ին ասել է՝ չի հասկանում, թե ինչու ինքը իր հայրենիքում պետք է լինի փախստական:
«Ես միանշանակ համաձայն չեմ այս կարգավիճակի հետ: Ես Հայաստանը համարել և համարում եմ իմ հայրենիքը, և հենց այնպես չէ,որ մենք անվանում ենք մայր Հայաստան: Ես ինձ այստեղ փախստական չեմ համարում՝ անկախ նրանից,թե ով ինչ կոչում է տալու»,- ասել է Թադևոսյանը:
Արդյոք փախստականի կարգավիճակը կկարողանա՞ ապահովել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները. «Ես չեմ կարծում,որ կկարողանա ապահովել բռնի տեղահանվածների իրավունքները, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն ոնտնահարում էր: Գուցե իրավական առումով ինչ-որ դրական ազդակներ հաղորդի, բայց չեմ կարծում, որ դա մեր կյանքի որակը կփոխի: Իսկ բարոյական առումով այդ կարգավիճակը պիտակավորում է և շատ վիրավորական է»,- կարծիք է հայտնել Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետը: