30/10/2023 14:19
Եթե ՀՀ-ն արցախահայերի վերադարձի պայմանների ապահովման պաշտոնական քայլեր չձեռնարկի, արդյունք չենք ունենա. Արտակ Բեգլարյան
Արցախահայերի վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում, վստահ եմ, որ որոշակի թվով մարդիկ կվերադառնան. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Պետք է համակողմանի խորքային տվյալներ ունենալ, վերլուծել, գնահատել՝ ասելու համար, թե արցախահայերի վերադարձի հավանականությունն ինչքան է, բայց միաժամանակ հստակ է, որ վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ են պետք, որոնք այս պահին տեսանելի չեն։ Եթե այդ պայմանները լինեն, վստահ եմ, որ որոշակի թվով մարդիկ կվերադառնան», - ասաց նա։
Ըստ նրա՝ այդ պայմաններից առաջնահերթն անվտանգության լրջագույն, երկարաժամկետ երաշխիքն է։ «Միջազգային բարձր երաշխիքն է, դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի խաղաղապահների ներկայությունը։ Եվ հաջորդ պայմանը՝ Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակի ապահովումը։ Այդ պայմաններում, միգուցե, ժողովրդի զգալի մաս վերադառնա, և դա պետք է անել հնարավորինս կարճ ժամկետում, որքան ուշանա, այնքան ավելի քիչ մարդ կցանկանա վերդառնալ՝ տարբեր պատճառներով», - ասաց նա։
Բեգլարյանն, այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից ջանքեր գործադրելու որևէ շահագրգռվածություն չի նկատում։ «Եթե շահագրգռվածությունը լիներ, այս օրին չէինք լինի։ Ավելի հեշտ էր կանխելը, քան հետևանքները վերցնելը։ Վերադարձի իրավունքի հետ կապված որոշակի, գոնե, հայտարարություններ տեսնում եմ, բայց գործնական հետաքրքրվածություն և գործնական շարժ ես չեմ տեսնում, որ Ադրբեջանին ճնշեն, պատասխանատվության ենթարկեն, միջազգային գործուն երաշխիքներ ապահովեն և այլն։ Այս տեսանկյունից իրական միտումներ չեմ տեսնում», - ասաց նա։
Իսկ թե Ադրբեջանը կցանկանա՞ր թեկուզ փոքր թվով, բայց վերադարձ լիներ՝ Արտակ Բեգլարյանն արձագանքեց. «Կարող է լինել, բայց դա իր համար շատ կենսական հարց չեմ համարում, ինքը ձևական կարող է ասել, որ պայմաններով ապահովում եմ, եթե չվերդառնան, կասի՝ դե, ես ապահովել եմ, իրենք էլ չեն վերադարձել։ Այս տեսանկյունից իր համար էական խնդիր չեմ համարում, եթե որևէ մեկն էլ չվերադառնա։ Իրենք հիմա էլ ասում են և կասեն, որ ով դուրս է եկել, ես հրավիրում եմ՝ թող գան, որպես իմ քաղաքացիներ իմ դրոշի տակ կարող են ապրել, եթե չեն գալիս՝ իրենց խնդիրն է։ Սա իրենց տեսանկյունն է և իրենք անընդհատ ներկայացնելու են միջազգային հանրությանը», - ասաց նա։
Արցախի նախկին պետնախարարը նշեց, որ այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է պահանջատեր։ «Որքանո՞վ է իր քաղաքական օրակարգի մեջ մտցնում Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գոնե նվազագույն պայմանների ապահովման հարցը։ Եթե ՀՀ-ն դա պաշտոնապես չանի և հետևողականորեն չհետապնդի այդ պայմանները միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա ընդհանրապես արդյունքներ չենք էլ ունենա։ Որևէ միջազգային հանրության ներկայացուցիչ, որևէ դերակատար, այդ թվում՝ խոշոր գերտերությունները, ավելին չեն պահանջելու Ադրբեջանից, քան ՀՀ-ն», - ասաց նա։
Նման քայլեր, ըստ նրա, գոնե հրապարակայնորեն նկատելի չեն․ «Չեմ կարող ասել, թե ոչ հրապարակային ինչ գործընթացներ են ընթանում, հրապարակային այդ ազդակները ես չեմ տեսնում պաշտոնական խոսույթում», - ասաց նա։