30/10/2023 14:14
Լեռնային Ղարաբաղին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն ՀՀ տարբեր ծրագրերի իրականացմանը. Նախարար
Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը, ԱԺ-ում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախնական նախագիծը:
Նախարարը նշեց, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, և բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024 թվականին:
«Ճի՛շտ է, բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ՝ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4.6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեզ վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով՝ այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին որպես միջպետական վարկ, այդ գումարները կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար», - ասաց Հովհաննիսյանը: