30/10/2023 13:12
Ես ու մայրս հիմա շատ ենք լռում, դա մեր ամենածանր զրույցն է․ Հերմինե Ավագյան
«Արցախը մեր երազանքն էր, որը նպատակ չդարձրինք, դրա համար էլ այդ երազանքը խլեցին մեզնից», - MediaHub-ի հետ զրույցում ասել է արցախցի երիտասարդ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Հերմինե Ավագյանը, ով Արցախում է թողել ամենաթանկը՝ առաջին պատերազմում անմահացած հոր՝ Արմեն Ավագյանի գերեզմանը։
«Երազանքները սիրում են, երբ իրենց նպատակ են դարձնում։ Մենք ունեինք այդ ժամանակը, մենք դա կարող էինք, բայց մենք երազանքներ սիրող ժողովուրդ ենք, իսկ մեզ տրված ժամանակը երազողների համար չէր, լեռնոտ երկրին լեռնոտ մարդիկ էին պետք, լեռը ամրոց պիտի դառնար», - Արցախի կորուստն այսպես է մեկնաբանել Հերմինեն։
Վաղը երջանկահիշատակ Արմենի ծննդյան օրն է։ Ընտանիքի անդամների հետ այդ օրը նրա մոտ էին գնում մարտական ընկերները, համագյուղացիները, հարգանքի տուրք էին մատուցում դպրոցականները։ Հիմա Հերմինեն չգիտի՝ ո՞ւր գնալ։
Ասել է՝ հորս թողել եմ այնտեղ, որտեղ թողել ենք մեզ։ Նրանք, ովքեր հավերժ մնացին Արցախում, հավերժ մնացին իրենց հողի հետ։ Հերմինեն որոշել է, վաղը՝ հոր ծննդյան օրը, Եռաբլուր կգնա, ծաղիկներ կխոնարհի մարտական ընկերոջ՝ Ավոյի շիրմաքարին։
«Կասեմ, որ հորս փոխանցի՝ չեմ մոռացել խոստումս։ Երկնքից ավելի լավ են երևում նրանք, ովքեր ուզում են շրջել պատմության վերջին էջը, բայց համոզված եմ՝ հենց երկնքից է լինելու նրանց պատիժը, երկնքից՝ երկրի վրա, իսկ ժողովուրդը, այս խաբված ու մոլորված ժողովուրդը, որ հիմա թմբիրի մեջ երազում է, մի օր որոշելու է, որ չի ուզում կործանվել, որ հայրենիքը նպատակ է ու այդ նպատակի գիտակցումն է, որ տանելու է արթնության։ Մենք ժամանակ չունենք, պիտի արթնանանք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։