30/10/2023 16:17
2024 թվականին ոստիկանության զորքերը կապառազմականացվեն ու կվերակազմակերպվեն գվարդիայի
2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի, ԱԺ-ում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Ոստիկանության գվարդիային կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։
Արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով», - ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս վերջնականացման փուլում է գտնվում «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի շուրջ նախատեսվում է ծավալել քննարկումներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ներկայացուցիչների, իրավասու պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության հետ։