30/10/2023 10:38
Իմ վարչապետության հնգամյա փորձը լեցուն է հանրային երջանկություններով և ողբերգություններով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ, 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիք պետություն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Այս կարգախոսը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության ու հայրենիքի շահերի միջև առկա ու շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի ու պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության ու հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը», - նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ որքան էլ անհնար լինի ընտրությունը՝ այն պետք է կատարվի:
«Այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ ու անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճան է։ Սա հասունացման ճանապարհ է ու բոլորով անցնում ենք այդ ճանապարհը>,- ասաց Փաշինյանը: