31/10/2023 20:22
Հղիության ներլյարդային խոլեստազ. «Դասական» ախտանիշը սաստիկ քորն է
Հղիների շրջանում քորը բավականին տարածված և հաճախ նորմալ երևույթ է, քանի դեռ այն չի դարձել ուժեղ, տանջալի և մշտական:
Նման դեպքերում պետք է այցելել բժշկի, քանի որ հղիության ընթացքում անհանգստացնող քորը մեծ հավանականությամբ կապված է ախտաբանական վիճակի հետ:
Մանկաբարձական խոլեստազը հազվադեպ, սակայն լուրջ լյարդային խանգարում է, որը սովորաբար զարգանում է հղիության վերջին 3 ամիսների ընթացքում և ուղեկցվում մաշկի ուժեղ ու տանջալի քորով:
Հիվանդությունը հայտնի է նաև որպես հղիության ներլյարդային խոլեստազ, հղիության խոլեստազ, հղիության իդիոպաթիկ դեղնուկ կամ պարզապես հղիների քոր:
Մանկաբարձական խոլեստազի պատճառը հայտնի չէ: Հնարավոր է, որ այն կապված է հղիության հորմոնների հետ, երբ հղիության ուշ փուլերում դրանք դանդաղեցնում են լյարդից լեղու նորմալ արտահոսքը:
Լեղին մարսողական հեղուկ է, որն արտադրվում է լյարդում, լեղուղիներով արտահոսում տասներկումատնյա աղի և օգնում ճարպանյութերի քայքայման և ներծծման գործընթացներին: Մանկաբարձական խոլեստազի ժամանակ լյարդում արտադրված լեղին մնում և կուտակվում է լյարդում, այլ ոչ թե լեղուղիներով արտահոսում դեպի բարակ աղու սկզբնամաս: Լյարդում կուտակված լեղին ի վերջո վնասում է բջիջները և մուտք գործում արյան հուն՝ առաջացնելով քոր և այլ ախտանիշներ:
Մանկաբարձական խոլեստազը հնարավոր է՝ ունի ժառանգական նախատրամադրվածություն, թեև կարող է ի հայտ գալ նաև ընտանեկան որևէ պատմություն չունեցող հղիների մոտ: Եթե նախորդ հղիությունների ժամանակ զարգացել է մանկաբարձական խոլեստազ, ապա ընթացիկ և հաջորդ հղիությունների դեպքում նույն վիճակի զարգացման հավանականությունը մեծանում է:
Մանկաբարձական խոլեստազի «դասական» ախտանիշը առանց որևէ ցանավորման սաստիկ քորն է, սովորաբար՝ ձեռքերի ափերի և ոտքերի ներբանների շրջանում, թեև կարող է տարածվել նաև մարմնի այլ շրջաններ՝ վերջույթների տարածիչ մակերեսներ, իրան, հետույք և որովայն:
Քորը լինում է չափավորից մինչև շատ ուժեղ և անտանելի, ինչպես նաև սաստկանում է գիշերային ժամերին՝ հանգեցնելով քրոնիկ անքնության և հոգեկան տառապանքների: Սկզբում հայտնվելով հանկարծակի, քորը կարող է աստիճանաբար դառնալ մշտական և տարածուն՝ շարունակվելով հղիության ամբողջ ընթացքում։
Այլ նշաններից են՝
մեզի մգացում,
դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն),
կղանքի գունազրկում:
Մաշկի քորը սովորաբար անհետանում է ծննդաբերությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում:
Մանկաբարձական խոլեստազով հղի կանանց մոտ բարձրանում է վաղաժամ ծննդաբերության, մեռելածնության կամ նորածնի մոտ մեկոնիումով թոքերի ախտահարման ռիսկը:
Մանկաբարձական խոլեստազը սովորաբար ախտորոշվում է լյարդի գործունեությունը գնահատող թեստերի միջոցով (բիլիռուբիններ, լյարդային ֆերմենտներ և այլն): Ախտորոշվելուց հետո՝ մինչև ծննդաբերելը, հղին պետք է գտնվի կանոնավոր բժշկական հսկողության ներքո:
Շատ կարևոր է ինքնուրույն չսկսել օգտագործել հակահիստամինային, քնաբեր, հորմոնային և այլ դեղեր, որոնք արդյունավետ չեն և կարող են վնաս հասցնել երեխային:
Հիվանդությունը կարող է բացասաբար ազդել աղիներում վիտամին K-ի ներծծման վրա, որը կարևոր է արյան նորմալ մակարդելության համար: Ուստի բժիշկը կարող է առաջարկել նաև այս վիտամինի սննդային հավելում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն