31/10/2023 11:25
Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. Ֆինանսների նախարար
Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս, ԱԺ-ում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ», - հետաքրքրվեց պատգամավորը:
Ֆինանսների նախարարն էլ ասաց, թե Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս:
«Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք», - նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը:
Թե աճի ո՞ր մասն է պայմանավորված արտաքին գործոններով՝ նախարարն արձագանքեց. «Եթե այս թեզից ելնենք, ապա կարող ենք ասել, որ արտաքին գործոնները նպաստել են մյուս մասին»: