31/10/2023 12:44
Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին. Մարտին Շուպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանցից ոմանք օգնության կարիք ունեն իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:
«Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե, այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն՝ լինի ջուր, դեղորայք տրամադրելը կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ», - ասել է Շուպը:
Հարցին, թե արդյո՞ք ԿԽՄԿ-ն այդ իմաստով համագործակցում է Ադրբեջանի իշխանության հետ՝ նա պատասխանել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ, որ կարողանա օգնել բոլոր կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է: