31/10/2023 19:02
«Ամբողջ գիշեր թե՛ դիրքերի, թե՛ գյուղի վրա «կարկուտ» են թափել»․ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել։ Ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ին և 20-ին գյուղի վրա, բառի բուն իմաստով, կրակ են թափել․ ռազմական ավիացիան, հրետանին աշխատում էր թե՛ դիրքերի, թե՛ բուն բնակավայրի ուղղությամբ։
«Ինքնաթիռներով, անօդաչուներով, հրետանիով, ինչով ասես ռմբակոծում էին։ Գյուղի վրա էնքան ռումբ է ընկել, ուղղակի հրաշքով քաղաքացիական բակչության շրջանում զոհ չունեցանք։ Մարդիկ նկուղներում էին արդեն։ Իսկ որ սկսվեց պատերազմը, երեխաները դպրոցում էին․ թե ինչ սարսափելի տեսարան էր, չեմ կարող նկարագրել․ բոլորը լացում, ճչում․․․ Մի քանի երեխա ուշագնաց եղավ վախից․․․»,-«Փաստինֆո»-ին պատմել է Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը։
Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխելու համար գյուղի տղամարդիկ շարժվել են դեպի Չարեքթար՝ օգնելու ՊԲ-ին։ Գրիգորյանը հիշում է՝ հրետանին այնպիսի ինտենսիվությամբ էր աշխատում իրենց վրա, որ մեքենայի վրա տեղ չէր մնացել՝ ամբողջությամբ ծակծկվել էր փամփուշտներից։ Ստիպված մեքենաները թողել, ոտքով հետ են գնացել գյուղ՝ դիրքավորվելով անմիջապես Հաթերքի մոտ։
«Գյուղի չորս կողմում կանգնել ենք, որ թույլ չտանք ադրբեջանցիները գյուղ մտնեն։ Ամբողջ գիշեր թե՛ դիրքերի, թե՛ գյուղի վրա «կարկուտ» են թափել»։ Լուսաբացին՝ ժամը 7-ի կողմերը բնակիչներին տարհանել ենք, քանի որ արդեն բավականին առաջ էին եկել, արդեն Գետավանում էին։ Կես ժամում հավաքվել ենք, դուրս եկել։ Մեքենաներով մի կերպ Թարթառն անցել ենք, վերջին մեքենան չի էլ հասցրել․ թշնամին արդեն Դրմբոնի խաչմերուկ էր հասել։ Մեքենայի ուղղությամբ սկսեցին կրակել, մեջի մարդիկ հազիվ դուրս են վազել ու մտել անտառները։ Մի քանի ժամ էնտեղ տապ են արել, քանի որ թուրքերն էլ էին անտառներում, ձայնները պարզ լսում էին։ Զորքը դեռ դիրքերում էր, չէին իջել, մեր գյուղի տղամարդիկ էլ դեռ գյուղի չորս կողմում կանգնած էին․զորքը զինաթափելուց հետո, միասին ամսի 23-24-ին նոր էդ մի քանի հոգին կարողացել են գյուղից դուրս գալ»,-պատմել է Հաթերքից բռնի տեղահանված Գրիգորյանը։
Գյուղի՝ շուրջ 2000 բնակչին միանգամից Իվանյանի օդանավակայան են հասցրել, որտեղ մի քանի օր նրանք շարունակել են անմարդկային պայմաններում մնալ։
«Անգամ հաց չկար․ ոչ մի բան չեն հասցրել մարդիկ իրենց հետ վերցնել՝ բացարձակապես ոչինչ։ Իվանյանում մնալու էդ մի քանի օրն էլ մի կերպ էինք կարողանում ցամաք հաց գտնել։ Փռի մոտ ժամերով հերթ էի կանգնում, որ բնակիչների համար հաց ստանամ․․․ Աննկարագրելի իրավիճակ էր․․․ Ու սա արդեն չորրորդ անգամն է, որ բնակիչները բռնի տեղահանվում են։ Երկու անգամ 1990-ականներին ենք տեղահանվել, հետո 2020-ին, հիմա էլ նորից նույն պատմությունը կրկնվում է։ 1990-ականներին էլ ենք Թարթառն անցել, հազիվ փրկվել․․․ Էն ժամանակ ոտաբոբիկ, ոտքով, քշվելով․․․ Էն ժամանակ մեքենա էլ չկար, հազիվ ենք հասցրել դուրս գալ․․․»,-ասել է բռնի տեղահանված արցախցին։