31/10/2023 22:30
«Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը»․ Ցուցադրություն Մոսկվայում
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացավ «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը, տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը՝ ընթերցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու և Հին Հայկական մշակույթը հանդիսատեսի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար՝ ուղերձում նշվեց երկու դաշնակից պետությունների համագործակցությամբ նմանօրինակ նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչման անհրաժեշտությունը։
Ի նշանավորումն «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության կազմակերպման նպատակով տարված պրոֆեսիոնալ աշխատանքի՝ Դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն մշակույթի կենտրոնի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց ցուցադրության կազմակերպիչներին»,- նշված է հաղորդագրությունում։