31/10/2023 13:47
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ին
2023 թվականի հոկտեմբերի 30-ից 31-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ին։ Միջոցառմանն ավանդաբար մասնակցում են նաև ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ը հնարավորություն է ընձեռում՝ մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին ծանոթանալու մաքսային բնագավառի նոր ձեռքբերումներին, ներդրում ունենալու միջազգային մաքսային ոլորտի հետագա զարգացումներում, ինչպես նաև մաքսային համագործակցության ոլորտում ստեղծելու և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները։
Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 30-ին «Անդրսահմանային գործարքների արագացումը՝ Ռուսաստանի նոր միջազգային առևտրի զարգացման բանալի» խորագրով պանելային նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Ելույթի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալն, ընդգծելով արտաքին առևտրի մասնակիցների համար «թվային ծառայությունների» ընդլայնման շրջանակում իրականացվող մեծածավալ աշխատանքների կարևորությունը, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող թույլատվական փաստաթղթերի մասով Պետական եկամուտների կոմիտեի ծրագրային մշակումը, որն ամբողջությամբ ներդրված է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ոլորտում ազգային «Մեկ պատուհան» հարթակի շրջանակում՝ ներառելով թույլատվական փաստաթղթերի տրամադրմամբ զբաղվող բոլոր ազգային գերատեսչություններն ու արտահանման կենտրոնները։ Նշված ծրագրային մշակումը հնարավորություն է ընձեռում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին թույլատվական փաստաթղթեր ստանալու համար դիմել բացառապես առցանց և ստանալ խնդրարկված փաստաթուղթն առանց որևէ պետական մարմին ներկայանալու, ինչն արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի պարզեցման համատեքստում բիզնես միջավայրի գործունեության ոլորտում կարևոր բարեփոխում է։
Միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ֆորոուդ Ասգարիի միջև։
Հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտում երկկողմ համագործակցության և գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ կողմերի միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ու սահմանների համալիր կառավարմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև մաքսային ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումների առանցքային ուղղություններին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև մաքսային համագործակցության զարգացման հեռանկարները։