31/10/2023 11:52
Ոչինչ չունեմ այդ մասին ասելու, այդ հարցերը մենք չենք քննարկում հանրության հետ. Ամատունին՝ Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու լուրերի մասին
Ոչինչ չունեմ այդ մասին ասելու, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վիճակին և նրան Բաքվի բանտում ենթադրաբար սպանելու լուրերին՝ ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մենք տեսակցել ենք բոլոր անձանց, հոկտեմբերի 20-ին եղել է տեսակցություն, այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ։
Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են՝ մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, իրենց հանդեպ վերաբերմունքին, մենք դրանք քննարկում ենք այդ իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրության հետ այդ հարցով որևէ մեկնաբանություն չենք կարող տալ։ Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է և այդ մարդկանց ճակատագրի հարցն է», - ասաց Ամատունին։
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել է, որ տեղեկություններ է ստացել Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում ծեծելով սպանելու մասին։