31/10/2023 10:01
«Ժողովորդ». Ինչո՞ւ են հապաղում արցախցի պատգամավորները
«Ժողովորդ» թերթը գրում է. «Արցախի ժողովուրդը, 1991թ.-ի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման և արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլևս փակված են համարում Արցախի էջը, և նրանցից արցախամետ որևէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները և պաշտոնյաները, թերևս որևէ բացատրություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում և Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան.
«Մենակ արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տևական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»:
Հետաքրքրվեցինք նաև՝ դիմել են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել: Թե ինչու են հապաղում արցախցի պատգամավորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դեմ է աշխատում, պարզ է»։