31/10/2023 15:36
Իսկ դուք չեք շտապո՞ւմ, որ խաղաղություն լինի, կամ ու՞ր եք շտապում դուք. Սանոսյանը՝ լրագրողին
Արդեն խոսվել է, որ սահմանագծումը պետք է անեն այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմք, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը մանրամասներ չհայտնեց այդ գործընթացից՝ պարզաբանելով, որ այդ ամենն իրենց նախարարության հետ չի առնչվում։
Լրագրողների այն հարցին, թե ինչ նորություն կա Մեղրիի երկաթգծի մասով, քանի որ իրենց թիմակիցներն արդեն իսկ սկսել են այդ ամենը ներկայացնել որպես «Խաղաղության խաչմերուկ»՝ Սանոսյանը պատասխանեց.«Իսկ դուք որպես ՀՀ քաղաքացի չեք շտապո՞ւմ, որ խաղաղություն լինի, կամ ու՞ր եք շտապում դուք։ Ուզում ենք խաղաղություն լինի, որ արհավիրք չլինի։ Մեր հայրենակիցները տեսնում են, որ աշխարհակարգերի փոփոխություններ կան և շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, քան միայն մեզ առնչվող խնդիրներն են։ Շատերը շատ հարցերի պատասխանները գտնում են աշխարհում տեղի ունեցող այս փոփոխությունների համատեքստում։
Ինչ վերաբերում է երկաթգծին, ապա ուսումնասիրություններ են տեղի ունեցել 2020 թվականից հետո, ավելի հանգիստ պայմաններում մենք առիթ ունեցանք պատվիրելու մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին, իրականացրեցին ուսումնասիրություններ, աշխատանքային որոշակի նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որ երկաթգիծը վերականգնվի, բայց այդ ամեն կարող է լինել, երբ լինեն քաղաքական, դիվանագիտական գործոնները»։