01/11/2023 17:12
«Կանաչ» մտածողությունը՝ կենսակերպ․ Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը շարունակում են բնապահպանական գործընկերությունը
Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը օրակարգային է մնում Վիվա-ՄՏՍ-ի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար: Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու լավագույն միջոցը «կանաչ» մտածողության շուրջ համախմբվելն է: Գործընկեր կազմակերպության աշխատակիցները թիմային ոգին բարձրացնելու արդյունավետ ճանապարհ են գտել. շփվել բնության մեջ՝ բնության համար: Անտառապատման աշնանային ու գարնանային փուլերին ընդառաջ, համագործակցող կողմերն սկսել են տնկիների սերմերի մշակման աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ է նախապատրաստվել հերթական ծառատունկին՝ լիարժեք տիրապետելով զրոյից անտառ ստանալու հմտություններին ու գիտելիքներին:
Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստանը» երկրորդ համատեղ ծրագիրն են իրականացնելու Լոռու մարզում: Մեկ տարի առաջ մեկնարկած «կանաչ» գործընկերությունը տեսանելի արդյունք է տվել: Իրականացվել է անտառապատման թիրախային ծրագիր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում: Ամայի և լերկ մի սարի վրա՝ 6 հա տարածքում, տնկվել ու մուլչապատվել է 20 000 ծառ: Այս տարի անտառային շերտը կավելացվի մեկ այլ հատվածում՝ Ուրասարում․ 9690 տնկի իր տեղը կզբաղեցնի 3 հա տարածքում:
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն սկսել է այս տարվա աշնանային անտառտնկման աշխատանքները։ Դրանք մեկնարկել են Լոռու մարզի՝ անտառստեղծման համար նախատեսված հաջորդ տարածքներում՝ Լեռնաջուրում և Ուրասարում։ Փակ արմատային համակարգով կեչիներ են տնկվում Լեռնաջուրում, սկսվել են աշխատանքները նաև Ուրասարում, որտեղ էլ բաց արմատային համակարգով տնկվում են Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորած 9690 թփեր և ծառեր՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի տանձենի ու խնձորենի։
«Մեծ ուրախությամբ ենք ընդունում մեր գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր ուզում են մասնակցել անտառստեղծման գործին։ Մարդը, ով թեկուզ մեկ անգամ մասնակցել է այս գործի որևէ փուլի՝ սերմերի հավաք, ծառատունկ կամ խնամքի աշխատանք, նոր հայացքով է տեսնում իր շրջապատն ու հայրենի բնությունը։ Կյանքի, մոլորակի ու հայրենիքի նկատմամբ սերը սկսվում է այս մի սերմից, որը խնամքով դնում ես հողի մեջ։ Մարդկանց գիտակցության բարձրացման գործում բիզնեսներն իհարկե մեծ դեր ունեն, և Վիվա-ՄՏՍ-ը լավագույն օրինակն է ցույց տալիս»,- իր խոսքում նշել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։
Հայաստանի անտառներից օրեր առաջ հավաքված կաղնու, վայրի տանձենու և խնձորենու սերմերը, Վիվա-ՄՏՍ-ի կամավորների և գործընկեր կազմակերպության աշխատակիցների կողմից մշակվելուց հետո, ցանվելու են՝ նոր տնկիներ ստանալու նպատակով: Կազմակերպության տնկարաններում հաջողվում է աճեցնել 15 տեսակի անտառային ծառ, այդ թվում՝ պտղատու:
Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Նրանք աշխատում են Դեբեդում և Գուգարքում գտնվող տնկարաններում: Ծառատունկի և խնամքի աշխատանքների ժամանակահատվածում աշխատողների թիվը հասնում է երկու հարյուր քառասունի: Նոր տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվում է նաև ծառատունկից հետո՝ շուրջ երեք տարի: Այդ ընթացքը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։
Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Բնապահպանական մոտեցումը բխում է մարդկության շահերից: Կա և անտառների ծավալը մեծացնելու, և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության փոխտնօրենը արձանագրել է դրական միտում՝ տարեցտարի ավելանում է անտառի կարևորությունը գիտակցող կազմակերպությունների թիվը: Գործընկերների շարքը սկսել են համալրել թե երկրի ներսում, թե դրանից դուրս գործող կազմակերպություններ: Այդ թիվը գերազանցում է երեք տասնյակը: