01/11/2023 21:50
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն․ Ախտանշաններ և ռիսկի գործոններ
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը միավորում է երկարատև ընթացքով թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, որոնք ընթանում են ժամանակի ընթացքում խորացող շնչառական խանգարումներով:
ԹՔՕՀ-ն առաջացնում է արտաշնչման ընթացքում թոքերից հեռացող օդի հոսքի խոչընդոտում (օբստրուկցիա): Ախտանիշները ներառում են դժվարացած շնչառություն, հազ, բրոնխներում լորձի (խորխ) արտադրություն և խզզոցներ:
Տիպիկ դեպքերում հիվանդությունն առաջանում է գրգռիչ գազերի կամ օդածին մասնիկների երկարատև ազդեցության պատճառով: Բոլոր դեպքերում խնդրի հիմնական պատճառը ծխախոտի օգտագործումն է:
Հիվանդ մարդկանց շրջանում բարձրանում է սրտային հիվանդության, թոքի քաղցկեղի և տարբեր այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը ԹՔՕՀ զարգացմանը նպաստող երկու հիմնական հիվանդություններն են: Այս հիվանդությունները սովորաբար հանդես են գալիս միասին և կարող են դրսևորվել տարբեր ծանրության աստիճաններով:
Քրոնիկ բրոնխիտը բրոնխիալ խողովակների լորձաթաղանթի բորբոքումն է: Այս խողովակներն օդային հոսքն անցկացում են դեպի թոքաբշտիկներ (ալվեոլներ)։ Հիվանդությունը բնորոշվում է ամենօրյա հազով և լորձի արտադրությամբ:
Էմֆիզեման մեկ այլ հիվանդություն է, որի ժամանակ ծխախոտի ծխի և այլ գրգռիչ գազերի ու օդածին մասնիկների վնասող ազդեցության պատճառով ամենաբարակ բրոնխների՝ բրոնխիոլների լայնացած վերջավորությունների՝ թոքաբշտիկների պատի առաձգական հյուսվածքը ետաճում է, իսկ միջթոքաբշտիկային խտրոցները՝ քայքայվում:
ԹՔՕՀ-ը հարաճուն զարգացող և ժամանակի ընթացքում վատթարացող, սակայն՝ բուժելի հիվանդություն է: Պատշաճ բուժման շնորհիվ ԹՔՕՀ-ով բազմաթիվ մարդիկ կարող են հաջողությամբ վերահսկել հիվանդության ախտանիշները և կյանքի որակը, ինչպես նաև կրճատել այլ փոխկապված առողջական խնդիրների զարգացման ռիսկը:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտանիշները հաճախ բացակայում են, քանի դեռ թոքերի զգալի վնասում տեղի չի ունեցել:
Այնուամենայնիվ, ինչ-որ մի ժամանակ ի հայտ գալով, ախտանիշները սովորաբար ժամանակի ընթացքում վատթարանում են, հատկապես, եթե ծխախոտի ծխի և մյուս ռիսկի գործոնների ազդեցությունը շարունակվում է:
Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
շնչարգելություն և հևոց, հատկապես՝ ֆիզիկական գործ անելիս,
խզզոցներ,
կրծքավանդակի լարվածության զգացում,
քրոնիկ հազ, որը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղնավուն կամ կանաչավուն խորխարտադրությամբ,
հաճախակի շնչառական վարակներ,
հոգնածություն,
ուշ փուլերում՝ քաշի կորուստ, ոտնաթաթերի կամ սրունքների այտուց:
Ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ սրացումների դրվագներ, երբ ախտանիշները սովորականից ավելի են ծանրանում՝ մնալով առնվազն մի քանի օր:
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր ախտանիշները չեն բարելավվում բուժման ընթացքում կամ վատթարանում են, կամ եթե նկատում եք վարակի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը կամ խորխի փոփոխությունը:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե չեք կարողանում շունչ քաշել, եթե զգում եք շրթունքների կամ եղունգների շերտի ուժեղ կապտություն (ցիանոզ) կամ արագացած սրտազարկ կամ եթե զգում եք շփոթվածություն և ուշադրության կենտրոնացման դժվարացում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն