01/11/2023 11:03
Վարչապետի աշխատակազմին տրվող բյուջեն կաճի․ կհատկացվի 24 միլիարդ 572 միլիոն դրամ
Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն, նախորդ տարվա համեմա, կաճի 4,7 միլիարդ դրամով, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:
«Նախագծով նախատեսված է 2024 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։ Դրանք են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր, տեսչական վերահսկողության ծրագիր, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագիր, տոների և հիշատակի օրերի ծրագիր, զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում», - նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հիմնական ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ։
«Շուրջ 3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր ունենք, որը ընդհանուր պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է։ Հանրային հատվածի իրազեկման ծրագրով շուրջ 245 միլիոն դրամի ավելացում ունենք», - նշեց Խաչատրյանը։