01/11/2023 17:49
Կարմիր Խաչը Վագիֆ Խաչատրյանին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է այցելել
Բաքվի դատարանում այսօր կշարունակվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի «դատական նիստը»՝ նրան առաջադրված շինծու մեղադրանքներով։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում այսօր ասել է, որ նիստից որևէ տեղեկություն չունեն: Ի՞նչ պայմաններում է պահվում իր հայրը, ի՞նչ վիճակում է այժմ, այդ հարցերի պատասխանները նույնպես չունեն: Վերա Խաչատրյանի խոսքով` այս օրերին անգամ «Կարմիր խաչը» չի այցելել իր հորը.
«Մենք էլ բոլորի պես ամեն ինչ համացանցից ենք իմանում: «Կարմիր խաչը» չունի տեղեկություն, քանի որ չի այցելել, ամիսը մեկ, թե 40 օրը մեկ են այցելում գերիներին: Վերջին անգամ «Կարմիր խաչը» հորս այցելել է հոկտեմբերի 11-ին», - նշել է նա: Ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, կարծում ենք՝ այս հարցում շատ փոքր է «Կարմիր խաչի» մեղքը։
Լրատվամիջոցը նաև հարցրել է՝ այս ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ, հետաքրքրվե՞լ է Վագիֆ Խաչատրյանի ընտանիքից, դուստրերից, ինչպե՞ս են, ինչի՞ կարիք ունեն, որտեղ են տեղավորվել։ Ի վերջո, մարդիկ արհավիրքի միջով են անցել, դրան գումարած՝ ընտանիքի տարեց հայրը գերության մեջ է հայտնվել։ Վագիֆ Խաչատրյանի դուստրն ասել է. «Ոչ, ոչ մի զանգ չենք ստացել, ոչ մի բան: Ես հիմա շատ վատ վիճակում եմ, ոչինչ չեմ կարողանում խոսել», - նշել է Վերա Խաչատրյանը: