01/11/2023 11:56
ԿԽՄԿ-ն ավելի քան 2500 դիմում է ստացել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին (Տեսանյութ)
Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը X-ի իր միկրոբլոկում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում մնացած Գագիկի պատմությունը։
Նա այն փոքրաթիվ անձանցից է, ով որոշել է մնալ Ղարաբաղում, մինչդեռ նրա ընտանիքը բռնի տեղահանվել է Հայաստան։ Կարմիր խաչը օգնել է նրան իր ընտանիքի հետ տեսակապով խոսել։
«Ես ուզում եմ այստեղ մնալ, սա իմ տունն է, ոնց թողնեմ գնամ, դուք եկաք և ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես կարողացա խոսել մորս, նրա քրոջ, իմ քրոջ և իմ կնոջ եղբոր հետ»,- ասում է նա։
ԿԽՄԿ-ն նշում է, որ իր հիմնական նպատակներից է նաև ընտանիքի անդամների համար պայմաններ ստեղծել՝ շարունակելու իրենց հարաբերությունները միմյանց հետ։
Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ն ԼՂ տեղահանված ընտանիքներից տարածաշրջանի իրենց գրասենյակներ ստացել է ավելի քան 2500 անհատական այցելություններ և հեռախոսազանգեր, ովքեր փնտրում են իրենց հարազատներին և ցանկանում են տեղեկատվություն ստանալ նրանց մասին։
Այս նպատակով ԿԽՄԿ-ն տեղակայել է լրացուցիչ անձնակազմ՝ աջակցելու ընտանիքներին՝ միմյանց հետ կապը վերականգնելու համար։
Տեսանյութը՝ Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի։