01/11/2023 13:37
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացվել են. ԱԳՆ (Ազատություն)
Պաշտոնական Երևանը, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկություններ ստացել են։
Ըստ արտգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք պաշտոնական Մոսկվան իսկապես առաջարկներ է արե՞լ և եթե այո, ապա ի՞նչ առաջարկներ են դրանք և ինչո՞ւ Երևանը չի ընդունել, կամ չի պատասխանել դրանց։
«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։