01/11/2023 17:37
Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին, պատասխանները, սակայն, հրապարակման ենթակա չեն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զբաղվում է բոլոր այն անձանց հարցերով, ովքեր այս պահին գերության մեջ են Ադրբեջանում:
«Ես իմ բոլոր արձանագրումները պարբերաբար ուղարկել եմ միջազգային դերակատարներին, հիմա ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ը` պատասխանելով Aysor.am-ի հարցին` որևէ տեղեկություն ունի՞ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի վերաբերյալ ու, ընդհանրապես, բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր Ադրբեջանում գերության մեջ են:
Մանասյանը նշեց, որ Լևոն Մնացականյանի վերաբերյալ տեղեկություններ ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել է համապատասխան մարմններին:
«Պիտի անկեղծ լինեմ`ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններ են ու այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական ու ես դա չեմ կարող այս պահին հրապարակել»,- ասաց նա:
Մանասյանն ասաց, որ Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք` վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ենթադրյալ սպանության վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հայտարարել էր, որ ունեն տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Aysor.am-ին ասել էր, որ հոկտեմբերի 20-ին Բաքվում տեսակցել են Լևոն Մնացականյանին: