01/11/2023 14:26
Սա արվել է ինձ որևէ ձևով վնասելու համար. Նարեկ Սամսոնյանը՝ իր նկատմամբ հարուցված քրգործի մասին (Տեսանյութ)
Այս գործն աբսուրդ է բառի ամենաուղիղ իմաստով, գործը սարքված է ոչ մի բանի վրա, դա արված է ինձ որևէ ձևով վնասելու համար, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամոսյանին մեղադրում են բռնության արդարացման մեջ, ինչը, Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ, հերթական բռնաճնշումն է խոսքի ազատության նկատմամբ։
«Տասնյակ գործերով հարյուրավոր անգամներ անհիմն բերման են ենթարկել ինձ։ Այս ամենի մեջ ես ամենափոքր վնասը կրած մարդն եմ։ Իմ ընկերների մեծ մասն այսօր բանտերում է՝ Տաթև Արցախը, Նարեկ Մալյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը և մյուսները։ Այս մարդկանց բռնել են քաղաքական պատճառներով, այն պատճառով, ինչով որ իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, թե մի օր էլ իրեն «կբռնեն», ինքը դրան պատրաստ է։
«Սրա վերջը ազգադավների իշխանազրկումն է լինելու։ Եթե այս խայտառակության, ամոթի, դավաճանության իշխանությունը չհեռանա, բոլորն են լինելու դատարաններում և ենթարկվելու քաղաքական հետապնդման»,-ասաց Սամսոնյանը։