01/11/2023 18:01
Ալիևը չի թաքցնում՝ Պակիստանն Ադրբեջանին օգնել է 44-օրյա պատերազմի ժամանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրիի հետ է հանդիպել, վերջինս Բաքվում է։
Ադրբեջանի նախագահը հանդիպման ժամանակ կարևորել է Պակիստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, ցանկություն է հայտնել ընդլայնել համատեղ զորավարժությունների քանակը, ապա ուղիղ տեքստով հայտարարել է, որ Պակիստանն իրենց աջակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Պակիստանի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության մասին Ալիևի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունում հիշատակում չկա, սակայն քաղաքական աջակցության մասին նշվում է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորhակալություն է հայտնել Պակիստանին՝ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի» ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական աջակցության համար»։
Այնինչ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած ռազմական աջակցության մասին ավելի վաղ խոստովանել էր հենց Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Այս տարվա հունիսին, Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, ասել էր․
«Ադրբեջանական բանակը վերադարձրեց Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, և Պակիստանն արեց դա»,- խոստովանել էր Պակիստանի վարչապետը։
Պակիստանյան կողմի հետ Բաքվում տեղի ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև վեճի առարկա Ջամմուի և Քաշմիրի հարցում Պակիստանի դիրքորոշմանը, ապա նաև երախտիք ՝ հայտնել Պակիստանին՝ Ադրբեջանի տարածքային նկրտումները պաշտպանելու համար։
Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարն իր հերթին Ալիևին շնորհավորել է պատմական հայկական տարածքներն օկուպացնելու համար, ինչը որակել է որպես Ադրբեջանի «հաղթանակ», որը, նրա խոսքով, «մեծ ուրախությամբ է ընդունվել Պակիստանում»։