01/11/2023 14:12
Պետական կառավարման համակարգի բազմաթիվ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, ներգրավվել են մեր կողմից քննվող վարույթներում. սպասում ենք գործերի դատարան հասնելուն. Պետրոսյան
Հիմա մենք խոսում ենք բացառապես փաստերի ու թվերի լեզվով, քիչ առաջ ես խորհրդարանին ներկայացրեցի անցած տարի ձեռնարկված վարույթների թիվը․ 77-ն է, որոնցից 33-ն այս պահին քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, 44-ն էլ՝ Քննչական կոմիտեում, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«77 վարույթները վերաբերում են 2022 թվականի մեր գործունեությանը, իսկ 2023 թվականի 10 ամիսների գործունեության արդյունքում արդեն 65 քրեական վարույթներ ունենք նախաձեռնված։ Վստահ եմ, որ բոլոր այն գործերը, որոնք նախաձեռնվել են մեր գործընկերների կողմից, բնականաբար, իրենց տրամաբանական հանգուցալուծմանը կհասնեն։ Ինչպես նաև մենք մեր հետվերահսկողական գործառույթների շրջանակում, դատախազության, նաև քննչական մարմինների հետ փոխհամագործակցության շրջանակներում մշտապես կապի մեջ ենք և հետևողական ենք մեր բացահայտումների, մշտադիտարկումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթների՝ օրենքով սահմանված կարգով հանգուցալուծման։ Կարող եմ ասել, որ երկու գործ հասցրել ենք դատարան, մնացածի մասով նախաքննությունները շարունակվում են»,-նշեց նա։
Լրագրողների այն հարցին, թե կա՞ իշխանական մի գործիչ, որն իրենց բացահայտումների արդյունքում պատժվել է և կա՞ արդյոք կոռուպցիոն սխեմա, որն իրենք են բացահայտել՝ Պետրոսյանը պատասխանեց.«Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև բարձրաստիճան, ազատվել են աշխատանքից, ներգրավվել են մեր կողմից քննվող վարույթներում և այս պահին սպասում ենք գործերի դատարան հասնելուն։ Քանի դեռ դատական վճիռներ չկան, մարդկանց մեղքն ապացուցված չէ դատարանով, ես կոռեկտ չեմ համարում հնչեցնել անուններ։
ՊՆ-ում վարչապետի հանձնարարականով մենք գործողություններ ենք իրականացնում պերմանենտ ռեժիմով, այսինքն՝ անընդհատ ուղեկցում ենք այդ գործընթացները։ Երկու շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ քսայուղերի հետ կապված շուրջ 60մլն չարաշահումների մասով։ Մեր ուսումնասիրությունների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել, նույնիսկ 6 ձերբակալված կա»։