01/11/2023 13:59
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է և խտրական մոտեցում. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Դատական նիստն այնպես ընթացավ, ինչպես սպասում էինք. հետազոտվեց տեսագրությունը, թե «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում ինչ են խոսել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ինչն էլ մեղադրանքի պատճառ է դարձել, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամոսյանին մեղադրում են բռնության արդարացման մեջ, ինչը, փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գնահատմամբ, հերթական բռնաճնշումն է խոսքի ազատության նկատմամբ։ Հեղինակներն ասում են, թե իրենք ոչ թե արդարացրել են բռնությունը, այլ ողջունել դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից իրականացված ինքնապաշտպանությանն ուղղված գործողությունը:
«Բոլորս համոզվեցինք, որ Սամսոնյանը ողջունել է Մհեր Սահակյանի ինքնապաշտպանության գործողությունը, ինչը հանցագործություն չէ։ Դրա համապ պետք չէր վարույթ նախաձեռնել, բայց իրենք որոշեցին նախաձեռնել։ Այդ օրերին հարյուրավոր մարդիկ դրական էին արտահայտվում այդ դեպքի կապակցությամբ, բայց միայն Նարեկ Սամսոնյանն է որպես բռնությունն արդարացնելու հոդվածով այստեղ», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ այս ամենը քաղաքական հետապնդում է։
«Սա քաղաքական հետապնդում է, խտրական մոտեցում է և քաղաքական գործունեությունը խոչընդոտելու դրսևորում է», - ասաց Մելիքյանը։