01/11/2023 12:02
Միջազգային դատարաններում ՀՀ շահերը ներկայացնելու ու պաշտպանելու համար Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին տրվող գումարը կավելանա
Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024-ին կավելանան, ավելացումը հիմանականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:
2024 թվականին պետական բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդից հասցվել է 3.8 մլրդի:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ այս ամենի գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:
«Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խոհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան», -ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ ասաց, որ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը՝ իր գրասենյակի միջոցներով:
«Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներին, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում, իսկ երկրորդը ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարներին է վերաբերում», - ասաց նա: