01/11/2023 13:35
Կառավարությունը երբեք որևէ դատավորի չի զանգում, դատարանը այսօր շատ անկախ է, մեր թիմի ներկայացուցիչներն էլ են կալանավորվում. Գրիգոր Մինասյան
Կառավարությունը երբեք որևէ դատավորի չի զանգում, չի ստիպում այս կամ այն գործով որոշում կայացնել, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ կալանավորումը շարունակում է լայն տարածում ունենալ՝ չնայած կա տնային կալանքի միջոցը:
«Դեպք կա, որ կինը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, առողջության հետ կապված խնդիր ունի, սակայն նրա կալանքը կրկին չի փոխվում: Մարդը մասնակցել է ինչ-որ քաղաքական ցույցի, ըստ մեղադրական կողմի, անկարգության որոշակի դրսևորում է ունեցել, իրեն պարտադիր պե՞տք է ամիսներ շարունակ կալանքի տակ պահել: Կա անչափահաս, որը ցույցերից շաբաթներ անց անհասկանալի պատճառներով ձերբակալվում և կալանավորվում է», - ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով՝ քաղաքական կամք չկա՞:
Գրիգոր Մինասյանը վստահեցրեց, որ կառավարությունն իր կողմից ապահովում է դատական իշխանության համար անկախ ու ազատ գործելու բոլոր միջոցների իրականացումը ժամանակին և ճիշտ ձևով:
Նախարարը նկատեց՝ պատգամավորի դիտարկումը վերաբերում էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում այժմ գտնվող Տաթևիկ Վիրաբյանին:
«Նա ունեցել էր ուշագնացություն: Գործադիրի գործառույթը հետևյալն է՝ եթե մարդը գտնվում է մեր վերահսկողության տակ, շատ արագ արձագանքել: Երբ նա անհրաժեշտություն էր ունեցել, մեր բուժհաստատության ներկայացուցիչները տեղ էին հասել, բոլոր միջոցները ձեռնարկել: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ ձեր քաղաքական թիմի անդամներն են, և դրա համար եք դուք ուզում այդ քրեաիրավական շղթան փաթեթավորել որպես քաղաքական», - արձագանքեց Մինասյանը:
Գրիգոր Մինասյանը պնդեց, որ դատարանն այսօր գործում է շատ անկախ, ապացույցն էլ այն է, որ իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ են կալանավորվում։