01/11/2023 10:34
Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախում քրիստոնեական հայկական ժառանգության ոչնչացման և բռնայուրացման մեխանիզմները
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Արմինե Տիգրանյանի «Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման և բռնյուրացման ադրբեջանական քաղաքականությունը» (խմբ․՝ պ․գ․դ․ պրոֆ․ Համլետ Պետրոսյան) վերնագրով գիրքը։
Գրքույկում քննվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում քրիստոնեական հայկական ժառանգության (եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, համալիրներ, խաչքարեր և այլն) անօրինական թիրախավորման, դրանց ոչնչացման և բռնայուրացման մեխանիզմները և ներկայացվում դրանց պահպանության հիմնադրույթները՝ ժառանգության «իսկության», «ամբողջականության», «մշակութային կարևորության», «բացառիկության» միջազգային սկզբունքների լույսի ներքո։
Աշխատանքում հեղինակը հավաքագրել և գիտական մանրամասն քննությամբ հիմնավոր փաստարկներով ներկայացրել է մինչ օրս Ադրբեջանի կողմից ոչնչացված կամ վնասված հայկական քրիստոնեական արժեքների հիմնական մասը, որոնք ներկայացված են մշակութային ժառանգության պահպանության միջազգային համակարգի իսկության, ամբողջականության, բացառիկության սկզբունքների լույսի ներքո, ինչպես նաև խաչքարային մշակույթի պահպանության առանձնահատուկ համակարգը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համամարդկային արժեքի։
Գրքույկը նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառոյցների, գիտական, ընկերությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։