01/11/2023 15:49
Հայաստանում կոռուպցիան շատացել է
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով, այս մասին ԱԺ-ում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Հայաստանի Հանրապետությունում 2023թ 9 ամիսների ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի դիմաց: Այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք կամ 79.5 տոկոս», - ասաց Խաչատրյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատածի 861 վարույթի դիմաց: Այսինքն՝ վարույթում եղած գործերն ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի դիմաց։
«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ: 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար», - հավելեց Խաչատրյանը։