01/11/2023 19:57
Վանաձորի բնակիչն ահազանգել է՝ իր բնակարանը կողոպտել են, դեպքի վայր ժամանած պարեկն էլ իր հերթին է ոսկյա զարդեր գողացել (Shamshyan.com)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն է կատարվել, ինչի մասին ինքն ահազանգել է ոստիկանություն: Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներ, նրանց այցից հետո ինքը հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակից գողացել են իրեն պատկանող ոսկյա զարդեր:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում և Ոստիկանության Տարոնի բաժնում Գ. Ա.-ն հայտնել է, որ գողացել են 1 մլն 500 հազար դրամի արժողության ոսկյա շղթա, 1000 ԱՄՆ դոլար արժողության 1 ոսկյա կանացի մատանի, 30 հազար դրամ արժողության 1 կանացի մատանի և 20 հազար դրամ արժողության 1 ոսկյա մատանի:
Տուժածը ոստիկանությունում և քննչական վարչությունում հայտնել է նաև, որ ինքը նշված գողության մեջ կասկածում է պարեկին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն է: Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: