01/11/2023 16:28
Իմ տեղեկություններով՝ Արցախի գերեվարված նախկին ղեկավարների ընտանիքների հետ դեռ կապ չի հաստատվել. Սահակյան
Այս պահին Կարմիր խաչի հայտարարությունը հերքող կամ կասկածի տակ դնող տեղեկատվություն մենք չունենք, ուստի պետք է հենվենք այդ հաղորդագրության վրա և վստահենք, որ իրապես հոկտեմբերի 20-ին Կարմիր խաչը տեսակցել է նրանց, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի կողմից առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, նրանց պահման պայմաններին՝ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ տեսակցությունից հետո, որպես կանոն, պետք է կապ հաստատվի ընտանիքի անդամների հետ, և այստեղ մասնավոր այդ հարաբերություններում տեղեկատվություն է տրամադրվում, որը հրապարակայնացման ենթակա չէ.«Ուստի, հաջորդ ճիշտ ուղին պետք է լինի ընտանիքների հետ շփումը, ովքեր կարող են հաստատել կամ հերքել Կարմիր խաչի այցելության արդյունքում քննարկումները։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ընտանիքների հետ դեռ կապ չի հաստատվել ղեկավարության մասով, իսկ ռազմագերիների մասով ընտանիքները կարողացել են զանգեր ստանալ, ինչպես նաև կարողացել են այլ մանրամասներ հաղորդել նրանց»։
Ինչ վերաբերում է Բաքվում նրանց պահման պայմաններին՝ Սահակյանը նշեց, որ կոնկրետ դեպքերով ձեռնպահ կման այս փուլում որևէ մեկնաբանություն անել.«Ուղղակի մի քանի փաստ կարող ենք արձանագրել, որ անկախ մարմինները հայ գերիներին տեսակցելու հնարավորություն չեն ունեցել, որևէ մեխանիզմ, որը կայցելեր և գոնե կիսահրապարակային նյութ կունենար, դրանք ստեղծված չեն։ Այս պահին հասանելիություն ունեն ադրբեջանական պաշտոնատար անձինք, որոնք անկախ և արդյունավետ մեխանիզմներ չեն, կամ էլ Կարմիր խաչը, որն անգամ, եթե տեսակցության ժամանակ ֆիքսի խոշտանգումը, դրա մասին չի կարող հայտնել մեզ, հանրությանը, կամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Դրա համար խոշտանգման կանխարգելման տեսանկյունից Կարմիր խաչը նույնպես արդյունավետ մեխանիզմ չէ։ Տեղեկատվության այս սահմանափակվածության պայմաններում հասկանալի է, որ առանց հետագա ուսումնասիրության, խոշտանգման փաստը ո՛չ կարող ենք հաստաել, ո՛չ էլ հերքել, պարզապես, քննարկման փուլում են։ Բայց նախկինում ուսումնասիրված դեպքերով կարող ենք նշել, որ դա սիստեմատիկ և համատարած բնույթ է կրել»։
Անդրադառնալով հայ ռազմագերիների առողջական խնդիրներին՝ Սահակյանը նշեց, որ դրա վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրվել է կառավարությանը, որը միջպետական գանգատ է ներկայացրել.«Այդ ինֆորմացիան հասանելի է միայն ընտանիքի անդամներին և այն հրապարակայնացման ենթակա չէ»։