01/11/2023 12:59
Նայում են հեռվում երևացող ադրբեջանական դրոշին ու վերապրում Արցախում վերջին օրերը․ Ստեփանակերտի մանկատան սաները Կապանից տեղափոխվել են ուզում
Ստեփանակերտում գործող «Զանգակ» գիշերօթիկ հաստատության 11 երեխա գտնվում են Կապանում։
Հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին երեխաների մի մասը միավորվել է ընտանիքների հետ։ Հիմա, հիմնականում մնացել են այն երեխաները, որոնցից ծնողները հրաժարվել են։ Բռնի տեղահանության ժամանակ նրանք անվտանգ տեղափոխվել են Հայաստան։ Հատկացված վայրը՝ Կապանի «Երեխայի և ընտանիքի միավորման» կենտրոն։
Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության տնօրենը, սակայն, անհանգիստ է։ Ասում է` երեխաները դեռ սթրեսը չեն հաղթահարել, հիմա էլ գտնվում են սահմանամերձ բնակավայրում, ինքն էլ ստիպված շաբաթական մեկ անգամ այցելում է Կապան տեսակցում երեխաներին։
«Իհարկե, Կապանի գիշերօթիկում, երեխաները հուսալի ձեռքերում են։ Բայց սա նաև երեխաների ցանկությունն է, որ լինեն սահմանից գոնե քիչ հեռու։ Երեխաները նայում են հեռվում երևացող ադրբեջանական դրոշին ու նորից վերապրում Արցախում անցկացրած վերջին օրերը»,- ասել է նա։
Համեստ Սուլեյմանյանն առաջարկել է․ «Գոնե, հնարավորության դեպքում, տեղափոխեն Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գործող «ՍՕՍ Մանկական Գյուղեր»։ Հայկական բարեգործական հիմնադրամի այս ծրագրի հետ ժամանակին համագործակցել ենք։ Երեխաներն էլ ուրախ կլինեն, քանի որ մի քանի անգամ այցելել են այստեղ»։