02/11/2023 16:30
Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է. սկսվել են վնասված ճոպանուղու վերականգնման աշխատանքները. Մարզպետ
2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է: Մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում, այդ աշխատանքը դրական արդյունքներ տալիս է: Պատերազմից հետո առկա իրավիճակի համեմատ, այժմ շատ լուրջ դրական առաջընթաց կա, սակայն այն, ինչ ունեինք մինչև պատերազմը և հիմա, անհամեմատելի է, բնականաբար, շատ լուրջ տուժել է», - ասաց նա` ընդգծելով, որ աշխատանքը տվել է արդյունք. շատ տնտեսավարողներ արդեն հնարավորություն ունեն իրենց ծախսերը փակելու ու որոշակի եկամուտներ ստանալու, որոշները՝ դեռևս ոչ:
«Մինչպատերազմական իրավիճակում մենք Ջերմուկում ընդհանրապես ազատ համարներ չունեինք, հիմա արդեն ուրիշ է», - նշեց Գրիգորյանը:
Հիմա իրականացվում են ճոպանուղու վերականգնման աշխատանքներ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված ճոպանուղին այս պահին չի գործում, սակայն աշխատանքների ավարտից հետո կսկսի գործել: