02/11/2023 20:05
Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտի հետ կապված ոչ մի համաձայնագիր էլ չի կնքի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ, կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։
«Կարծում եմ, որ ՄՔԴ-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև լրացուցիչ ոչ մի համաձայնագիր էլ չի կնքվի։ Մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը (Միջազգային քրեական դատարանը-խմբ․)։ Ինչու՞ պետք է այդ հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր կնքենք»,- ասել է Ջաբարովը՝ «Соловьев Live»-ի եթերում։
«Եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիություն պահպանել, փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ , թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- հավելել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը։